Իրավաբանական անձանց ռեգիստրը տեղեկատվական շտեմարան է Հայաստանում և Արցախում գործող իրավաբանական անձանց վերաբերյալ։
Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց ռեգիստրի շտեմարանում հրապարակվում է Հայաստանում և Արցախում գործող ընկերությունների վերաբերյալ տեղեկություն, որի մի մասը հասանելի է միայն պետական տուրք վճարելու դեպքում։ Հայաստանյան լրատվամիջոցներն ազատված են պետական տուրքի վճարումից։
Իրավաբանական անձանց ռեգիստրի պաշտոնական e-register.am կայքի գլխավոր էջում առկա է «Որոնում» բաժինը, որի վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով՝ նոր էջ կբացվի։ Բացված էջում հնարավոր է որոնում կատարել երկու եղանակով՝ «Ըստ գրանցված սուբյեկտի տվյալների» և «Ըստ անձի տվյալների»։ «Ըստ գրանցված սուբյեկտի տվյալների» բաժնում մուտքագրելով փնտրվող սուբյեկտի (ՍՊԸ, ԱՁ և այլն) ճշգրիտ կամ մոտավոր անվանումը և սեղմելով «Որոնել» կոճակը՝ կտեսնեք համակարգի կողմից որոնման արդյունքը: (Նկար 1)
Նույն տրամաբանությամբ հնարավոր է որոնել՝ անձի անունը, ազգանունը և հայրանունը կամ անձնագրի համարը մուտքագրելով «Ըստ անձի տվյալների» որոնման էջում։
Այնուհետև համակարգի կողմից հայտնաբերված սուբյեկտներից պետք է ընտրել անհրաժեշտը՝ մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով ընտրված տարբերակի վրա։ Կբացվի պատուհան, որտեղ զետեղված կլինեն հետևյալ տվյալները՝
իրավաբանական անձի կարգավիճակը,
հասցեն,
գրանցման համարը,
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
իրական շահառուի հայտարարագիրը: (Նկար 2)
Իրավաբանական սուբյեկտի վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար համակարգն առաջարկում է գրանցվել և կատարել համապատասխան պետական տուրքը։ Սակայն մինչ այդ հնարավոր է սուբյեկտի իրական շահառուի վերաբերյալ տեղեկությունը տեսնել առանց գրանցման և վճարում կատարելու։ Դրա համար անհրաժեշտ է մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմել «ԻՍ հայտարարագիր» նշման կողքի «Դիտել» դաշտի վրա, և կբացվի նոր էջ, որտեղ կտեսնեք իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ: (Նկար 3)
Իրավաբանական անձանց ռեգիստրի e-register.am կայքի գլխավոր էջի աջ մասում առկա «Մուտք համակարգ» բաժին մուտք գործել հնարավոր է համակարգում գրանցվելով։ Գրանցվելուց հետո հնարավոր է պետական տուրք վճարել և հավելյալ տեղեկություններ տեսնել իրավաբանական անձի վերաբերյալ։ Որպես գրանցված օգտվող՝ վերևում նկարագրված եղանակով (Նկար 1) փնտրելով անհրաժեշտ սուբյեկտի տվյալները՝ պետք է սեղմել «Դիտել կամ տպել բոլոր տվյալները» բաժնի վրա: (Նկար 4)
«Դիտել կամ տպել բոլոր տվյալները» բաժին այցելելուց հետո կբացվի նոր պատուհան, որտեղ առկա են իրավաբանական անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
անվանումները,
մասնակիցները,
գործադիր մարմնի ղեկավարները,
գրանցման վկայականը,
քաղվածքները,
կանոնադրությունը, և այլն:
Նշված տվյալները տեսնելու համար անհրաժեշտ է մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմել ստորև պատկերված նկարի միջնամասի սև գույնով նշված կետերի վրա: (Նկար 5)
Այս էջում առկա «Տպելու տարբերակ» գրառման վրա մկնիկի ձախ սեղմակը մեկ անգամ սեղմելով՝ նոր պատուհան կբացվի, որի միջոցով հնարավոր է ներբեռնել նշված իրավաբանական անձի վերաբերյալ ամենաթարմ տվյալները։